About

Կողբի գեղարվեստի դպրոց

Կողբի գեղարվեստի դպրոցը բարեգործական կրթական արվեստի ինքնատիպ կենտրոն է։ Կենսունակ ու անկախ այս արվեստի դպրոցը մասնագիտացված կրթություն է տալիս նկարչության, կիրառական արվեստների, քանդակագործության և թվային գրաֆիկայի  ոլորտներում։ Դպրոցը բաց է բոլոր ուսանել ցանկացողների և ազատ արվեստասերների համար։

Կողբի գեղարվեստի դպրոցը հիմնադրվել է 1999 թվականին՝ համագյուղացի գեղանկարիչ Կարապետ Ղուլիջանյանի նախաձեռնությամբ։ Դպրոցի նպատակն է եղել համախմբել Կողբի և շրջակա համայնքների արվեստասերներին, ձևավորել ոգեշնչող ստեղծագործական միջավայր, բացահայտել և կրթել տարածաշրջանի շնորհալի երեխաներին ու երիտասարդներին։

Կողբի գեղարվեստի դպրոցը մշտապես աչքի է ընկել իր ինքնատիպ ու նվիրված արհեստավարժ արվեստագետների թիմով, որոնց ջանքերի շնորհիվ դպրոցի պայմաններն ու գործունեությունը շարունակաբար զարգանում են։
 Ամեն տարի դպրոց են հաճախում շուրջ հարյուր աշակերտներ շրջակա համայնքներից։ Այստեղ նրանք ստանում են պրոֆեսիոնալ կրթություն, որն իրենց հնարավորություն է տալիս հետագայում շարունակել ուսումը Հայաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում։

Կողբի գեղարվեստի դպրոցը միաժամանակ դպրոց է, արվեստանոց և արհեստանոց։ Այստեղ դասավանդում և ստեղծագործում են՝ պարբերաբար կազմակերպելով վարպետաց դասեր՝ նկարչության, խեցեգործության, գեղարվեստական մետաղագործության, աքսեսուարների պատրաստման և դեկորատիվ-կիրառական արվեստի տարբեր ուղղություններով։

Դպրոցի արվեստագետ-ուսուցիչները հիմնել են մի շարք նախաձեռնություններ, այդ թվում՝ «Երեքնուկ» ստեղծագործական խումբը՝ նկարազարդ ձեռագործ աքսեսուարների արտադրանքով, «Koghb Art Jewelry» բրենդը՝ մետաղյա զարդերի բազմազան տեսականիով, ինչպես նաև խեցեգործության փոքրիկ արտադրամասը։ Ավանդական արվեստի կրթության հիմքի վրա դպրոցում գործում է «Կողբի թվային ստուդիան», որը մասնագիտական գիտելիքներ  է տալիս համակարգչային գրաֆիկայի, եռաչափ մոդելավորման, լուսանկարչության և վեբ ծրագրավորման ոլորտներում։

Կողբի գեղարվեստի դպրոցն ունի գեղեցիկ ցուցասրահ, որտեղ ներկայացվում են ոչ միայն աշակերտների և ուսուցիչների աշխատանքները, այլև պարբերաբար կազմակերպվում են անհատական և խմբային ցուցահանդեսներ՝ Հայաստանի և արտերկրի արվեստագետների մասնակցությամբ։

Դպրոցի գործունեության տարիների ընթացքում անցկացված բազմաթիվ միջոցառումներից ավանդական է դարձել ամենամյա, մեկամսյա ամառային պլեներ-սիմպոզիումը, որը Կողբի գեղարվեստի դպրոց է համախմբում բազմաթիվ արվեստագետների Հայաստանից և արտերկրից։

Our Stories

Discover the fun
of learning

Stories…

Have Fun

Unforgettable
experiences

Events

The ways we learn through play

Programs Events